Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

воскресенье, 15 мая 2011 г.

Մամուլի տեսություն



Սպանվել է ԼՂՀ խաղաղ բնակիչ




Ինչպես հայտնել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ/ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունում, մայիսի 11-ին ժամը 18:05-ին շփման գծի հարավ-արեւելյան ուղղությամբ տրակտորի վրա աշխատելու ժամանակ գլխի հրազենային վնասվածք է ստացել Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի բնակիչ, 35-ամյա Արայիկ Բալասանյանը: 

Հադրութի հիվանդանոցի ճանապարհին Արայիկ Բալասանյանը մահացել է: Միջադեպի մանրամասները ճշտվում են: 
ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունում տեղեկացրել են, որ ադրբեջանական բանակի սահմանային ստորաբաժանումները շփման գծի տարբեր ուղղություններով շարունակում են պարբերաբար խախտել հրադադարի ռեժիմը: Նախորդ 2 օրվա ընթացքում տարբեր տրամաչափի զենքերից հակառակորդն ավելի քան 400 անգամ գնդակոծել է ղարաբաղյան ուժերի դիրքերը:
Մայիսի 12-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրեց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Հադրութի ուղղությամբ, հաղորդում է ԼՂՀ ԱԳ նախարարությունը:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը /Բուլղարիա/ և Վիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/:
Ադրբեջանի տարածքից դիտարկման առաքելությունը գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ դեսպան Անջեյ Կասպշիկը: Դիտարկման խմբում ընդգրկված էին ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Անտալ Հերդիչը /Հունգարիա/:
Համաձայն հաղորդագրության, դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:


ՀԱՄՇԵՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՍՏԱՏՎԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ



Ղրղըզստանցի համշենահայերը մտադիր են բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին ասել է Ղրղըզստանի համշենահայ համայնքի ղեկավար Ռուսլան Կարաբաջակովը։ Համշենահայերին ԼՂՀ տեղափոխելու ծրագրի մշակման նպատակով նա ժամանել է Հայաստան։ Կարաբաջակովը Հայաստանից կմեկնի Արցախ, որպեսզի համշենահայ 200 ընտանիքների բնակության համար առավել հարմար վայր ընտրի։
«Մեր տեղն այստեղ՝ Հայաստանում է։ Մեր ճակատագիրն այնպես է դասավորվել, որ ավելի քան 250 տարի տեղից տեղ ենք տեղափոխվել՝ Աջարիա, Միջին Ասիա։ Այժմ վերջապես որոշել ենք ապաստան գտնել մեր հարազատ հողում»,- ասել է նա։
Քրիստոնյա համշենահայերին Կրասնոդարի երկրամասից եւ Աբխազիայից, իսկ մահմեդական համշենահերին՝ Միջին Ասիայից, Լոռու գյուղերից մեկը տեղափոխելու փորձ արվել էր նաեւ 1984 թվականին։ Դրա նախաձեռնողը եղել էր Երեւանում գործող «Համշեն» հայրենակցական միության փոխնախագահ,պատմաբան եւ լրագրող Սերգեյ Վարդանյանը։ Սակայն Սպիտակի երկրաշարժից հետո այս գաղափարն իրականացնել չէր հաջողվել։
Նախատեսվում է, որ համշենահայերի 200 ընտանիքները կտեղավորվեն ԼՂՀ Մարտակերտի շրջանում։
Ծրագիրը կֆինանասավորվի այնքան ժամանակ, մինչեւ համշենահայերը ոտքի կանգնեն։ Նախագծով հետաքրքրված են նաեւ Մոսկվայի «Համշեն» հայրենակցական
Քրիստոնյա համշենահայերին Կրասնոդարի երկրամասից եւ Աբխազիայից, իսկ մահմեդական համշենահերին՝ Միջին Ասիայից, Լոռու գյուղերից մեկը տեղափոխելու փորձ արվել էր նաեւ 1984 թվականին, սակայն Սպիտակի երկրաշարժից հետո այս գաղափարն իրականացնել չէր հաջողվել։

ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակաության հետ կապերի վարչության պետ Դավիթ Բաբայանն այս առիթով նշեց. «Մենք շահագրգռված ենք մեր արյունակիցներին վերաբնակեցնելու, մեր երկրում հաստատվելու հարցում, քանի որ այն մեր անվտանգության բաղադրամասերից է: Սա մի գործընթաց է, որին պէտք է շատ լրջորէն մոտենալ: Նախ այդ գործընթացն սկսելուց առաջ անհրաժեշտ է լուրջ ենթակառուցվածքներ ստեղծել: Ցավոք, այս առումով, դառը փորձ ունենք: Ժամանակին մենք մարդկանց որոշ խմբերի խրախուսել ենք վերաբնակվել Արցախում, սակայն անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայության պայմաններում՝ մարդկանց մոտ հիասթափություն է առաջացել։ Մենք ամեն ինչ անում ենք, որ վերաբնակվելու ցանկություն հայտնող անձանց համար հնարավորինս լավ պայմաններ ստեղծենք»:
Բաբայանը նշեց նաև, որ Արցախում վերջին տարիներին նկատվում է վերաբնակների թվի աճ: Օրինակ 2011 թվականի հունվարի դրությամբ 200 ընտանիք տեղափոխվել է Քաշաթաղի շրջան:



 ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ


Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Արցախի Հադրութի շրջանում ադրբեջանցիների կողմից հայ գյուղացու սպանության փաստը:
«Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել ղարաբաղյան հակամարտության գոտում՝ զինադադարի հաստատման 17-րդ տարեդարձի նախօրեին սպանելով հողագործական աշխատանքներ իրականացնող Արցախի խաղաղ բնակիչ Արայիկ Բալասանյանին:
Այս կարգի քայլերով Ադրբեջանը հակադրվում է ոչ միայն խաղաղ կարգավորման գործընթացի տրամաբանությանը, այլեւ ձգտում է բոլոր միջոցներով պահպանել լարվածությունը շփման գծում՝ խոչընդոտելով միջազգային հանրության կողմից ներկայացված առաջարկների հիման վրա հիմնախնդրի կարգավորմանը»,- ասել է նա:
Ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը նշում է, որ վերջին տարում հրադադարի ռեժիմի խախտումները ղարաբաղյան հակամարտության գոտում այնքան շատ են, որ ավելի շուտ տեղին է խոսել հրադադարի բացակայության, քան առկայության մասին: Նրա խոսքով, Ադրբեջանի ակտիացումը միտված չէ հայկական կողմին սադրելուն եւ այդկերպ նոր պատերազմ հրահրելուն: Ադրբեջանը սրում է իրավիճակը` հոգեբանական ճնշում գործադրելու համար: «Կարծում եմ` ադրբեջանական վերնախավը քաղաքական որոշում չունի ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ: Իրավիճակի սրման նպատակն է հայկական կողմին մղել միակողմանի զիջումների»,- ասում է հոգեբանը:
Ընթացիկ տարվա 4 ամիսների ըթնացքում Ադրբեջանը 3500 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը:



ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԹԱՂՎԵԼ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ



Business Monitor International-ի (BMI) փորձագետները քիչ հավանական են համարում զանգվածային ռազմական գործողությունների վերսկսումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ պատճառներից մեկն այն է, որ դրանում շահագրգռված չեն նրանց «ազդեցիկ հովանավորներ» Ռուսաստանն ու Թուրքիան:
Լոնդոնում գործող Business Monitor International-ը ամեն ամիս թողարկում է քաղաքական ռիսկերի եւ մակրոտնտեսական հեռանկարների գնահատման տարածաշրջանային տեսություններ` նախատեսված խոշոր բիզնեսի ներկայացուցիչների համար: Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի մասին հունիսյան տեսության մեջ հրապարակվել է «Հայ-ադրբեջանական հակամարտության գնահատումը» վերլուծական հոդվածը: Չնայած BMI-ի փորձագետները քիչ հավանական են համարում լիարժեք պատերազմի վերսկսումը, նրանք խոստովանում են, որ հակամարտությունը կարող է սկսվել Ադրբեջանի սխալ հաշվարկի արդյունքում, որն ունի ստատուս-քվոն փոխելու մեծ ցանկություն: «Նոր պատերազմը կունենա շատ ավելի ծանր հետեւանքներ, քան 1991-1994 թթ. հակամարտությունը, քանի որ երկու կողմերն այսօր զինված են շատ ավելի լավ, եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարն անցնում է Ադրբեջանի տարածքով»,- նշում են Business Monitor International-ի վերլուծաբանները:
Նրանց կարծիքով, եթե, այնուամենայնիվ, ծավալվեն ռազմական նոր գործողություններ, «մենք ակնկալում ենք, որ դրանց նախաձեռնողը կլինի Ադրբեջանը. ոչ թե այն պատճառով, որ Բաքուն ավելի ագրեսիվ է, այլ որովհետեւ Ադրբեջանը ավելի մեծ կորուստներ կրած կողմ է»: Վերլուծաբանների կարծիքով, այն գործոններից մեկը, որը կարող է հանգեցնել նոր պատերազմի, կարող է դառնալ Ադրբեջանի ուժեղացումը, որը «իր բնական ռեսուրսների շնորհիվ 2003թ. համեմատ իր ռազմական բյուջեն ավելացրել է 20 անգամ` այն հասցնելով $ 1.12 մլրդ-ի»: «Բացի այդ, աճել է այդ երկրի աշխարհաքաղաքական նշանակությունը` հատկապես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծի գործարկումից հետո»,- նշում են բրիտանացի վերլուծաբանները: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, մյուս գործոնը, որը կարող է հանգեցնել պատերազմի, BMI-ն համարում է առաջընթացի բացակայությունը բանակցություններում: «Հաշվի առնելով, որ Ադրբեջանում նավթի արտադրությունը շուտով կհասնի գագաթնակետին, Ալիեւը կարող է որոշել, որ եկել է «այժմ կամ երբեք» պահը»,- նշվում է հոդվածում:
Մեկնաբանելով կողմերի դաշնակիցների հարցը` փորձագետները հիշեցնում են, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, իսկ Ադրբեջանը ռազմավարական պայմանագիր ունի Թուրքիայի հետ: «Այնուամենայնիվ, ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն կարող ավտոմատ օգնություն սպասել Մոսկվայից ու Անկարայից: Պաշտոնապես Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս չի հանդիսանում, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում դա չի հանդիսանա ագրեսիա Հայաստանի դեմ, որպեսզի ՀԱՊԿ-ին իրավունք տա խառնվել: Միաժամանակ, եթե Ադրբեջանը սկսի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ, Թուրքիան կդիմի՞ արդյոք Ռուսաստանի հետ հակամարտելու ռիսկին»,- ասվում է հոդվածում: Փորձագետները եզրակացնում են, որ Ադրբեջանը չի կարող վստահ լինել, որ կարող է արագ եւ վճռական հաղթանակ տանել: «Չնայած ռազմական ծախսերի զգալի ավելացմանը, կասկածելի է, որ ադրբեջանական զինված ուժերը կգերազանցեն: Ադրբեջանը կարող է ներքաշվել երկարարատեւ հակամարտության մեջ»,- ամփոփում են BMI-ի վերլուծաբանները:


Սերբիան և Ադրբեջանը



Ինչպես նշում է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը, Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը, Ադրբեջանի արտգործ նախարար Էլմար Մամեդյարովի հետ ունեցած հանդիպման ժամանակ, հայտնել է, թե Սերբիան պաշտպանում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»: Նա նաև շնորհակալություն հայտնեց Ադրբեջանից Կոսովոյի հարցում Սերբիային աջակցելու համար:
Հունիսի 8-9 Ի. Ալիևը Սերբիայում պետք է հանդիպում ունենա Բ. Թադիչի հետ` երկկողմանի հարաբերությունների հետագա զարգացումը քննարկելու համար:



Իրանն ինքը տարածքային խնդիրներ ունի Ադրբեջանի հետ. փորձագետ



ԼՂՀ հակամարտության հարցի լուծման շուրջ Հայաստանում Իրանի դեսպանության հայտարարությունը, որում թերևս չի խոսվում տարածքային ամբողջականության մասին, կարելի է դիտարկել որպես ԻԻՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների լարվածություն: Այս մասին ասել է իրանագետ Մհեր Բաղդասարյանը:
«Ադրբեջանում սկսված հակաիրանական հիստերիան խոսում է այն մասին, որ Իրանը հարաբերություններ է ձևավորում Հայաստանի հետ` անտեսելով մուսուլման-եղբայրներին: Ի վերջո պետք չէ մոռանալ, որ Իրանը ևս տարածքային խնդիրներ ունի Ադրբեջանի հետ»,- նշել է իրանագետը: Նա հիշեցրեց նաև, որ անցյալ տարի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, գտնվելով Ադրբեջանում, նույնպես ճխոսեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: «ԼՂՀ հակամարտության հարցում Իրանի հայեցակարգն այն է, որ խնդրի կարգավորման գործընթացին չպետք է միջամտի որևէ արտատարածաշրջանային ուժ: Իրանը երբեք Հայաստանին ագրեսոր չի համարել, իսկ հարցի շուրջ արված պաշտոնական հայտարարությունները միշտ եղել են զուսպ և մտածված»:



Լևոն Հովսեփյանը Թուրքիայի մասին

«Թուրքիայի գերռազմականացումը աննախադեպ չափերի է հասել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Մայիսի 13-ին կայացած ասուլիսում նա լրագրողներին ասաց, որ հետևելով Թուրքիայի ռազմականացման ու ռազմարդյունաբերության օրինակին՝ Ադրբեջանը նույնպես փորձում է զարկ տալ այդ ճյուղին, որին նվիրված է տարբեր պետությունների հետ սպառազինության համատեղ արտադրությունը։ Թուրքագետի կարծիքով Ադրբեջանի սանձարձակություններն ու ռազմատենչությունը խրախուսվում և աջակցություն են ստանում Թուրքիայի կողմից. «Թուրքիային իր թիկունքում ունենալով՝ Ադրբեջանն իրեն ավելի վստահ է զգում»։
Բանախոսը նկատց, որ եթե նախկինում Թուրքիան ռազմատեխնիկական մասով կախված էր արևմտյան երկրներից, հատկապես Միացյալ Նահանգներից ու Իսրայելից, ապա այժմ նա փորձում է ավելի ընդլայնել համագործակցության այդ շրջանակը, ինչպես, օրինակ, ռուս–թուրքական ռազմական ոլորտի համագործակցությունն է։
«Թուրքիայի համար Ռուսաստանը դիտվում է որպես այլընտրանք Արևմուտքին, ու այս առումով Թուրքիան փորձում է անկախություն ձեռք բերել»,–ասաց Լ. Հովսեփյանը։
Լ.Հովսեփյանի համոզմամբ, թուրքական քաղաքական ուղեծրում կան մի քանի հիմնական հակասություններ. մի կողմից Թուրքիան պաշտոնապես հայատարում է, որ այսուհետ չի ընկալում իր հարևաններին որպես սպառանալիք իր ազգային անվտանգության համար, սակայն մյուս կողմից հսկայական միջոցներ է ներդնում սպառազինման և ռազմաարդյունաբերական ենթակառուցվածքների ստեղծման համար:
Բանախոսի հավաստամամբ՝ սպառազինման, ռազմականացման գործընթացում թուրքական կողմը հիմնական շեշտադրումը կատարում է նորագույն տեխնոլոգիաների յուրացման վրա, ինչը բնականաբար բավական մեծ ֆինանսական ներդրումներ է պահանջում:
«Նորագույն սպառազինության ձեռքբերման համար Թուրքիան տարեկան ծախսում է 3,5-5 մլդ դոլլար»,- նշեց Լևոն Հովսեփյանը` հավելելով, որ այս տարի պաշտոնական Անկարան նախատեսում է սպառազինության համար ծախսել 4-4,5 մլդ:
Թուրքագետի կարծիքով, սպառազինման ռազմականացման բնագավառում Թուրքիան իրականցնում է նոր քաղաղաքականություն` ռազմական արտադրանքի սպառողից վերածվելով արտադրողի և մատակարարի: Եթե նախկինում Թուրքիան զազմական շուկայում հանդես էր գալիս որպես սպառող, ապա ներկայում Թուրքիան փորձում է հանդես գալ, որպես մատակարար»,- նշեց նա:
Անդրադառնալով Թուրքիայի ներքին քաղաքական զարգացումներին՝ նա նշել է, որ Թուրքիայի քաղաքական օրակարգը ներկայումս կազմում են խորհրդարանական ընտրությունները, որոնց կհաջորդեն ներքաղաքական զարգացումներ, սպասվում են սահմանադրական փոփոխություններ, ինչպես նաև 2012թ. նախագահական ընտրությունները։ Այդ պատճառով թուրքագետը չի կարծում, որ հայ–թուրքական հարաբերություններում որևէ քայլերի ականատես կլինենք, ու ավելացրել է, որ առաջիկա ժամանակահատվածում էական փոփոխություններ չեն սպասվում։



ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ. 


«ԳՈՒՑԵ «ԳՅԱՎՈՒՐՆԵՐԻ» ՀՈՐԻՆԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒՏՆ ԱՄԵՆ ՏԱՐԻ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՀԱՅ ՍՊԱՆԵԼՈ՞Վ ՊԵՏՔ Է ՆՇԵԼ «ԹԱՔՍԻՄ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ»

Այսպես է անդրադառնում «Ռադիկալը» Սեւակ Շահինի սպանությանը
«Ակօսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը 2007-ի հունվարի 19-ին սպանվեց Ստամբուլում: Դրան 2011-ի ապրիլի 24-ին հետեւեց թուրքահայ զորակոչիկ Սեւակ Շահինի սպանությունը Թուրքիայի հարավարեւելյան նահանգներից Բաթմանի Կոզլակ գավառում տեղակայված զորամասում: Դինքի սպանությունից անմիջապես հետո ձերբակալվեցին մարդասպան Օգյուն Սամասթը, նրան ուղղորդող Յասիմ Հայալն ու էրհան Թունջելը: Այնուհետեւ ձերբակալվածների թիվը հասավ 19-ի:
Դինքի սպանության գործով դատավարությունը դեռեւս շարունակվում է, կալանքն ի սկզբանե որպես խափանման միջոց է կիրառվում սպանությունն անմիջականորեն իրականացնողների նկատմամբ: Ավելին, ակնհայտ է սպանության քաղաքական բնույթը, ինչպես նաեւ դրա` անվտանգության ծառայությունների թողտվությամբ իրականացումը, սակայն առ այսօր բացահայտված չեն բուն կազմակերպիչները:
Պաշտոնական շրջանակներում Դինքի սպանությունն ակնարկի ձեւով վերագրում են «խորքային պետությանը», բայց երբ խոսքը վերաբերում է սպանության գործի միացմանը «խորքային պետության» ռազմական թեւը հանդիսացող «Էրգենեքոնի» գործին, նրանք իսկույն հետքայլ են կատարում` կարծես հաստատելու համար Թուրքիայում պետական իշխանության մարմինների սերտաճումը «խորքային պետության» հետ:
Թերեւս այդ առումով հատկանշական է Դինքի սպանության պահին Տրապիզոնի ոստիկանության քաղաքային վարչության պետ Ռեշաթ Ալթայի երեկ, այսինքն` միջադեպից ավելի քան 4 տարի հետո արած հայտարարությունը. «Դինքի դեմ պատրաստվող մահափորձի մասին որեւէ տեղեկություն չեմ ունեցել: Եթե իմանայի, ապա կիրականացնեի կանխարգելիչ բոլոր միջոցառումները: Կմեկուսացնեի Հայալին եւ այն կազմակերպությանը, որին նա անդամակցում էր»: Մինչդեռ Դինքի ընտանիքը սպանության մեղսակից է համարում Տրապիզոնի ոստիկանությանը:
Սեւակ Շահինի պարագայում իրավիճակն այլ էր: Այսինքն` սպանությունը ոչ թե քաղաքական երանգ ունի, այլ դժբախտ պատահար է, կատակելիս Սեւակը իբր դարձել է իր մերձավոր ընկերոջ արձակած պատահական գնդակի զոհը: «Ազգը», ապրիլի 9-ի համարում անդրադառնալով Սեւակի սպանությանը, նշել էր. «Ապրիլի 24-ը խորհրդանշում է Հայոց ցեղասպանությունը: Չի բացառվում, որ թուրքահայ զինծառայողի հենց ապրիլի 24-ին կատարված առեղծվածային սպանությունն էլ թուրքական պետության յուրատեսակ ազդանշանը լինի հայերին եւ խորհրդանշի Թուրքիայի ժխտողականությունը»:
Այսպիսի եզրակացության համար մեզ հիմք էին տվել թուրքական իրականությանը հատուկ հայկական դավադրության որոշումների շարունակականությունը, Հայոց ցեղասպանության պաշտոնական թեզը հանդիսացող ժխտողականության մարտնչող բնույթն ու թուրքական պետական կառույցների եւ քաղաքական կազմակերպությունների հարաճուն հայատյացությունը:
Մայիսի 5-ին, հանդես գալով հայտարարությամբ, Սեւակի ընտանիքի դատապաշտպան Ջեմ Հալավուրթը մասամբ հաստատեց մեր ենթադրությունը, ասելով. «Սեւակի միջադեպը ոչ թե «դժբախտ պատահար» է, այլ ապրիլի 24-ի առնչությամբ ծրագրված սպանություն»:
Նույն օրը, ի դեմս Ստամբուլի մասնաճյուղի, դատապաշտպանին միացավ Մարդու իրավունքների միությունը: Նրանց հետեւությունն էլ մայիսի 9-ի համարում հաստատում է «Ռադիկալի» հեղինակ Յըլդրըն Թուրքերը: Նախքան Թուրքերի «Ի՞նչ կատարվեց շարքային Սեւակի հետ» վերնագրով հոդվածին անդրադառնալը, հիշեցնենք, որ Հրանտ Դինքի եւ Սեւակ Շահինի սպանություններն իրականացնողները հավասարապես հարում են ուլտրա-ազգայնամոլ «Մեծ միասնություն» կուսակցությանը: Պարզապես Դինքի մարդասպանները ծառայել են «խորքային պետությանը», իսկ Սեւակինը, որպես զորակոչիկ, ծառայում էր թուրքական զինված ուժերին:
Ահա թե ինչ է գրում «Ռադիկալի» հեղինակը. «Ապրիլի 24-ին հայ երիտասարդի դժբախտ պատահարի հետեւանքով զոհ դառնալու վարկածն այն հեքիաթը չէ, որ մենք, մոռանալով Հայոց ցեղասպանության հարցում մեր պետության պաշտոնական թեզը հանդիսացող սանձարձակ ժխտողականության մասին, հավատանք դրան: Նրանք, ովքեր Սեւակի հուղարկավորությունը զինվորականության ցույցի են վերածել (նկատի ունի գնդապետի կոչում ունեցող 30 զինծառայողի ներկայությունը եկեղեցում), ծածկելով հանդերձ նրա դագաղը թուրքական դրոշով, նույնիսկ հարկ չհամարեցին նահատակ կոչել նրան: Թաղման արարողությանը կառավարության անունից մասնակցեց պետնախարար Էգեմեն Բաղըշը, կարծես հանդիսավոր երեկոն էր զարդարում իր ելույթով: Վսեմաշուք պարոնն ասաց. «Մահմեդական, ոչ մահմեդական, թուրք, քուրդ, չերքեզ, լազ, ալավի, սուննի, մենք բոլորս միասին է’լ ավելի ենք զարգացնելու մեր համատեղ գոյակցությունը»: Հետաքրքրական է, թե ինչպե՞ս է պատկերացնում զարգացնել: Գուցե ամեն տարի ապրիլի 24-ին հայ սպանելով պե՞տք է նշել մեր ազգին մասնատելու համար «գյավուրների» հորինած ցեղասպանության սուտը «Թաքսիմ» հրապարակում»:
Azg.am



ԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ. ՔԱՆԻ ԴԵՌ ՉԻ ՎԵՐԱՑԵԼ ԱԹԱԹՈՒՐՔԻ ՏԱԲՈՒՆ, ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՌՉԱԾ ԿՄՆԱ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ


Այս հանգամանքը առաջնային է դարձնում ժխտողականության հարցի ուսումնասիրությունը
Հակառակ հայաստանյան որոշ գիտնականների ենթադրություններին, թե Հայոց ցեղասպանությունը լիարժեք ուսումնասիրված է, եւ հայ պատմագրությունը սպառիչ պատասխան է տվել բոլոր հարցերին, այնուամենայնիվ, դրանցից շատերն առ այսօր բաց են մնում:
Չուսումնասիրված հարցերից թերեւս պետք է առանձնացնել քեմալականների իթթիհատական ծագումն ու օսմանյան ցեղասպան քաղաքականության ժառանգականությունը, թուրքական ժողովրդական զանգվածների եւ քրդական աշիրաթների մասնակցությունը հայերի կոտորածներին, «Թեշքիլաթ-ը Մահսուսայի» գլխավորությամբ պետական կառույցների եւ բանակի դերը, Մուսթաֆա Քեմալի մերձակա շրջապատի հայասպան դիմագիծն ու Թուրքիայի Հանրապետության հիմնադիր կազմի անմիջական մեղսակցությունը, Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունը, ճշմարտության ուրացման հարցում պետություն-հասարակություն համերաշխությունը Թուրքիայում ժխտողականության խորքային արմատները, հայերի ունեցվածքի պետական եւ ժողովրդական հափշտակումը, համայնքային «լքյալ կալվածքների» փոխանցումը պետական գանձարան, հայ երեխաների կյանքը «փրկելու» թուրքական դրսեւորումների նկրտումը, ինչպես նաեւ Հայկական հարցի անմիջական առնչությունը Քեմալ Աթաթուրքի տաբուի հետ:
Ամենեւին ուսումնասիրված չեն նաեւ ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, մասնավորապես ԱՄՆ-ում, Ավստրալիայում եւ Եվրոպայում գործող «ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարող» կազմակերպությունները, որոնք հակահայ քարոզչությամբ ժխտողականությունը մասսայականացնելու, դրան միջազգային հնչեղություն հաղորդելու եւ դա Հայոց ցեղասպանության նախաձեռնություններին հակադրելու միջոց են դարձել թուրքական պետության համար:
Այս կազմակերպությունները բազմաբնույթ են: Բացի «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի» միությունից, ռազմավարական կենտրոններից, հիմնադրամներից, ինչպիսին «Թուրքերի ցեղասպանության ուսումնասիրման» հիմնադրամն է, եւ պաշտոնաթող սպաների միություններից, ազգային կոմիտեներից, Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում Թուրքիայում ներգրավված են քաղաքական կազմակերպություններին առընթեր «օջախները», իսկ արտերկրում այսպես կոչված քաղաքացիական հասարակական կազմակերպություններն ու «Քեմալական մտածողության» միության մասնաճյուղերը: Միայն ԱՄՆ-ում «Թուրքական ֆորումի» հովանու ներքո կա այդպիսի շուրջ 100 կազմակերպություն:
Ինչ վերաբերում է Թուրքական պատմական ընկերությանն ու երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններին` սրանք էլ Էրզրումի «Աթաթուրք» համալսարանի գլխավորությամբ «հիմնավորում» են թուրքական ժխտողականությունը: Նշված բոլոր միությունները, կազմակերպությունները, հիմնադրամները Թուրքիայում թե արտերկրում վայելում են թուրքական պետության հովանավորությունը, իսկ վարչապետարանին առընթեր «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի համակարգման խորհուրդը» վերահսկում է սրանց գործունեությունը: Ըստ երեւույթին թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական հետազոտությունների կենտրոնն էլ ուղղորդում է այդ խորհրդին: Այլ կերպ՝ ժխտողականության հիմնավորման գործին լծված է նաեւ Թուրքիայում գործադիր եւ օրենսդիր իշխանություններին վերահսկող գլխավոր շտաբը:
Որքան էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը սպառի թուրքական ժխտողականության դիրքերը կամ նախկին արտգործնախարար Իլթեր Թուրքմենը, նախկին դեսպան Յալըմ Էրալփը, տարբեր մտավորականներ, ինչպիսիք են Ջենգիզ Աքթարը, Մուրադ Բելգեն ընդգծեն, որ Հայաստանը երբեւէ չի հրաժարվի ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից, ընդ որում՝ բացառելով պատմաբանների համատեղ հանձնաժողովում 1915-ի իրադարձությունների շուրջը հայկական կողմի հետ ընդհանուր լեզու գտնելու հնարավորությունը, այնուամենայնիվ Թուրքիան ժխտողականությունից հրաժարվելու որեւէ նախանշաններ չի ցուցաբերում: Ընդհակառակը՝ ճանաչման գործընթացի ծավալմանը զուգընթաց՝ ցեղասպանության թուրքական ժխտողականությունը հետզհետե ագրեսիվ է դառնում:
Ըստ երեւույթին Թուրքիան այլ հնարավորություն էլ չունի, որովհետեւ ժխտողականությունից հրաժարվել նրա համար կնշանակի ինքնակամ վերացնել երկրում Հայկական հարցի վրա դրված տաբուն: Դա թուրք գիտնականների առջեւ կբացի Հայոց ցեղասպանությունը ոչ թե ժխտողականության դիրքերից, այլեւ գիտականորեն որպես պատմական հարց ուսումնասիրելու հեռանկարը:
Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցի գիտական ուսումնասիրության դեպքում կբացահայտվի ճշմարտությունը թուրք հասարակության համար: Կպարզվի, որ քեմալականների ազգային պետությունը ստեղծվել է այլ ժողովուրդների պատմական հայրենիքի տարածքում, Մուստաֆա Քեմալը շրջապատված է եղել հայ ժողովրդի դահիճներով, հետեւաբար ժամանակակից Թուրքիայի հիմնադիրները մարդասպաններ են:
Այս ամենը անհրաժեշտ կդարձնի ինչպես քեմալականների ազգային պատերազմների, այնպես էլ Թուրքիայի Հանրապետության ստեղծման պատմության վերանայումը: Այսպիսով՝ անխուսափելի կդառնա Աթաթուրքի տաբուի վերացումը Թուրքիայում: Այլ կերպ՝ քանի դեռ այդ տաբուն գոյություն ունի, Թուրքիան չի կարող առերեսվել սեփական պատմության հետ: Հետեւաբար նա կառչած է մնալու Հայոց ցեղասպանության ժխտողականությունից: Այս հանգամանքը ցեղասպանության միջազգային ճանաչման ներկա փուլում առանձնակի կարեւորում է թուրքական ժխտողականությունն ուսումնասիրելու նշանակությունը: Քանի որ ժխտողականությունը հիմնավորում, քարոզում, միջազգայնորեն տարածում են «ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարող» թուրքական կազմակերպությունները, ուստի եւ մեզ համար առաջնային է դառնում նաեւ այս կազմակերպություններին ուսումնասիրելը:
Azg.am



Թուրքիայի ընդդիմադիրներն ընտրություններից առաջ հանդիպում են հայերի հետ


Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական Ժողովրդական կուսակցության (CHP) փոխնախագահ Օսման Քորություրքը հունիսին կյանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այցելել է հայկական և հունական պատրիարքարաններ: Հայկական պատրիարքարան կատարած նրա այցելությունը սպասվածից երկար է տևել: Եթե հունական պատրիարքարանում կուսակցության փոխնախագահը կես ժամ է մնացել, հայակական պատրիարքարան նրա այցելությունը տևել է մոտ մեկուկես ժամ: Նրանց հյուրընկալել է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Հանդիպումը փակ է եղել մամուլի համար:
Հանդիպումից հետո, պատասխանելով Hürriyet Daily News-ի «1915 թվականի իրադարձություններին» վերաբերող հարցին, Քորություրքը ասել է. «Երկու կողմերն էլ տառապանքի միջով են անցել: Անարդար կլիներ ասել, որ այդ ամենը միակողմանի է եղել: Որպես երկու հակառակորդ կուսակցություններ` CHP-ն և Արդարություն և Զարգացում կուսակցությունը (AKP) (Թուրքիայում իշխող կուսակցություն- Epress.am), մենք օրակարգում քննարկման էինք դրել պատմական փաստերի ուսումնասիրման հանձնաժողով հիմնելու առաջարկը: Այդուհանդերձ, Հայաստանի չհաստատեց այդ առաջարկը»:
Իսկ այն հարցին, ինչու CHP-ն չի հաստատել հայ համայնքի ներկայացուցիչ Արև Չեբեչիին որպես պատգամավորի թեկնածություն, Քորություրքը հայտարարել է, որ իրենք մարդկանց չեն տարանջատում ազգային պատկանելության սկզբունքի համաձայն. «Ավելի քան 4300 մարդ էր դիմել, որոնցից հաղթող էին ճանաչվել 550-ը: Եվ թեև մեր կուսակցության կողմից հայի թեկնածություն չի առաջադրվել, մենք, այդուհանդերձ, ազգությամբ հայ քաղաքացիներ ունենք, որոնք պաշտոններ են զբաղեցնում CHP-ի վարչակազմում և տեղական ինքնակառավարման մարմիններում»:
Պարբերականը հետաքրքվել է նաև, թե ինչու է կուսակցության փոխնախագահը ավելի երկար ժամանակ անցկացրել հայկական պատրիարքարանում: Քորություրքը այս հանգամանքը բացատրել է օրակարգում դրված խնդիրների քանակությամբ: «Մենք ընդգրկուն ծրագրեր ունենք` ընտանեկան ապահովագրում, գյուղատնտեսական և տնտեսական ծրագրեր: Այս ծրագրերը ամբողջությամբ կփոխեն երկիրը»:
Ստամբուլի հայկական հիմնադրամերի նախագահներից մեկը` Պետրոս Մարզուպանյանը հանդիպման ժամանակ նշել է, որ CHP-ի նախագահ Քեմալ Քիլիչդարօղլուի վերջին հայտարարությունները վրդովվեցրել են հայ համայնքին: «Որոշ մարդիկ ասում են, որ Քիլիչդարօղլուի մայրը Դերսիմի հայ է և նա փորձել է ապացուցել, որ իր մայրը հայ չէ: Ես կցանկանայի նրան հարցնել, արդյոք հայ լինելը իսկապես այդքան վատ բան է», – ասել է հայ համայնքի ներկայացուցիչը:
Մարզուպանյանն անդրադարձել է նաև խորհրդարանական ընտրություններին հայ թեկնածուների բացակայությանը:
«Նվազագույնը երկու հայ խորհրդարանականներ պետք է լինեն ինչպես կառավարության, այնպես էլ ընդդիմության մեջ: Տարբեր առիթներով ասվում է, որ Թուրքիան խճանկար է: Եթե խորհրդարանն այն վայրն է, որտեղ կարող է ներկայացված լինել այդ խճանկարը, ապա այդ խճանկարի բացակայող հատվածները պետք է լրացվեն` ամբողջական պատկեր ստանալու համար».-ասել է Մարզուպանյանը` ընդգծելով այն փաստը, որ Թուրքիայի 50,000-ոց հայ համայնքը ոչ մի ներկայացուցիչ չի ունենալու խորհրդարանում:



Թուրքիայում PKK-ի դեմ լայնածավալ գործողություններ են սկսվել


Թուրքիայի հարավ-արեւելյան հատվածում գտնվող Շըրնաք նահանգում գտնվող Քաթո լեռան վրա պատսպարված քուրդ զինյալների դեմ թուրքական զինված ուժերը լայնածավալ գործողություններ են սկսել:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ մայիսի 13-երեկոյան սկսած ռազմական գործողությունները շարունակվում են ռազմական Kobra տիպի ուղղաթիռներով, որոնք գնդակոծում են քուրդ զինյալների հավանական թաքստոցները: Միեւնույն ժամանակ բախման վայր են նետվել թուրքական զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատներ:
Քրդական Firat գործակալության փոխանցմամբ՝ միեւնույն ժամանակ քուրդ զինյալները նույն օրը զինված հարձակում են գործել Շըրնաքի Ուլուդերե շրջանում գտնվող ռազմական բազաների դեմ:
Ականատեսների վկայությամբ՝ ռազմական ուղղաթիռները բազայից տեղափոխել են վիրավորներին եւ մահացածների դիակները:



Կիպրոսի խորհրդարանի խոսնակ. Թուրքիան միջազգային ահաբեկիչ է




Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը Թուրքիային անվանել է միջազգային ահաբեկիչ, կոչ է արել ճանաչել իր կատարած հանցագործությունն ու ներողություն խնդրել հայ ժողովրդից եւ համայն մարդկությունից: Այս մասին գրում է «Nouvelles d`Arménie»-ին:
Հայոց ցեղասպանության 96-ամյակի կապակցությամբ մայիսի 11 -ին Պերա Հորիո-Նիսու գյուղի գիմնազիայում տեղի դպրոցի ուսուցիչ Լեւոն Ղազանջյանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը, նշելով միջազգային հանրության պատասխանատվությունը, Մ. Գորոյանը հայտարարել է. «Եթե Թուրքիան պատժվեր իր գործած մեծագույն հանցագործության համար, հնարավոր է Կիպրոս թուրքական ներխուժում չլիներ: Ցավոք, միջազգային հանրության կողմից Թուրքիային չդատապարտելը մեծացնում է Անկարայի անհաշտելիությունը, որը փորձում է իր ռազմական հզորությամբ իր կանոնները թելադրել հարեւաններին».
«Քանի դեռ Թուրքիան անպատիժ է մնում, միջազգային հանրությունը չպետք է հպարտանա եւ իրեն պետք է զգա որպես հանցակից այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայիում իրականացված Հայոց ցեղասպանությունն ու էթնիկ զտման մյուս հանցագործությունները մնում են անպատիժ», -ընդգծել է խոսնակը:



Ադրբեջանն ու Թուրքիան Ստամբուլում ստորագրել են երկու պայմանագիր

Ստամբուլում մայիսի 10-13-ին կայացած սպառազինությունների IDEF-2011 ցուցահանդեսի ընթացքում ադրբեջանական եւ թուրքական ընկերությունների միջեւ տեղի ունեցավ պայմանագրերի ստորագրում սպառազինությունների ոլորտում:
Ինչպես գրում է ադրբեջանական 1news գործակալությունը, Ադրբեջանին հետաքրքրում են Թուրքիայի արտադրած «Kasirga TR-300» հրթիռները, Pars, Аrma եւ այլ զրահամեքենաները:
Առաջին պայմանագիրն ստորագրվել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի եւ Թուրքիայի պաշտպանության նախարար Բեջդի Գյունելի միջեւ, եւ ըստ այդ պայմանագրի Ադրբեջանը մասնակցելու է MODERN հետեւակային հրացաննների եւ 105 մմ տրամաչափի թնդանոթների արտադրության շուրջ:
Իսկ թուրքական MKEK կազմակերպության եւ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության միջեւ կնքված պայմանագրով համատեղ արտադրվելու են նռնականետեր` 120 մմ տրամաչափի:



Ֆաշիզմ Թուրքիայում.
Աշակերտներին բացատրել են, որ հայերն ու քրդերը թշնամի են եւ դավաճան

Թուրքիայում ապրիլի 24-ի հիշատակման օրերին հերթական սկանդալային եւ խայտառակ դեպքն է գրանցվել ու կրկին դպրոցի ուսուցչի մասնակցությամբ:
Թուրքական ETHA գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի Ուսքյուդար թաղամասի Բուրհան Ֆելեքի անվան ավագ դպրոցի Ազգային անվտանգության առարկայի ուսուցիչը դասից հանել է հանել 10-րդ դասարանի աշակերտներին եւ տարել կոնֆերանսի սրահ, որտեղ ստիպել է դիտել իբր հայերի կողմից սպանված թուրքերի լուսանկարներ: Ուսուցիչը պնդել է, թե հայերը կոտորել են թուրքերին նրանք թշնամի են եւ դավաճան: Նույնատիպ բնորոշում է նա տվել նաեւ քրդերին:
Աշակերտներից մեկը հարցրել է, թե ովքե՞ր էին սպանել Հրանտ Դինքին, ինչը դուր չի եկել ուսուցչին, եւ նա լռեցրել է աշակերտին: Ինչ որ դիակներ ցույց տվող ուսուցիչը թույլ չի տվել, որ աշակերտները դուրս գան սրահից՝ սպառնալով նրանց: Դուք պետք է մեր պատմությունը իմանաք»,-ասել է ուսուցիչը:
Նմանատիպ մեկ այլ խայտառակ քայլ էր «Սարը գելին. Հայկական հարցի ներքին կողմը», որը ցուցադրվել էր 2009 թվականին Թուրքիայի դպրոցներում, որում կրկին առկա էին ռասիստական եւ ֆաշիստական դրսեւորումներ, որոնք թշնամանք եւ ատելություն էին հրահրում հայերի դեմ: Բազմաթիվ բողոքների արդյունքում ֆիլմի ցուցադրությունը դադարեցվել էր:



Թուրքիայի գլխավոր շտաբի դեմ դատական գործ է հարուցվելու հայ զինվոր Սևակի սպանության կապակցությամբ



Մարդու իրավունքների կազմակերպության ստամբուլյան մասնաճյուղի Ցեղապաշտության ու խտրականության դեմ հանձնաժողովը պատրաստվում է դատական գործ հարուցել բարձրաստիճան զինվորականների դեմ` ժանդարմերիայի զինվոր Սևակ Շահին Բալըքչըի մահվան մասին մեկնաբանությունների կապակցությամբ:

Հանձնաժողովից ստացված պարզաբանման մեջ նշվում է. «Ժանդարմերիայի զինվոր Սևակ Շահին Բալըքչըի` 2011 թ. ապրիլի 24-ին զինվորական ծառայության ժամանակ տեղի ունեցած սպանությունից հետո բարձրաստիճան զինվորականները հայտնել են, թե դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել, սակայն առանց սպասելու հետաքննության արդյունքներին` որոշել են, թե դեպքը պատահել է «կատակելիս», և հասարակայնության մեջ նման կարծիք են ձևավորել և հող նախապատրաստել` դեպքը կոծկելու համար: Զինվորական ծառայության ժամանակ մի երիտասարդի` մյուս զինվորի զենքից արձակված փամփուշտից սպանվելու համար պատասխանատու են նաև Սևակ Շահին Բալըքչըի ղեկավարները, քանի որ թույլ են տվել նման դեպքի պատճառ դարձած համապատասխան պայմանների առաջացմանը:
Բարձրաստիճան զինվորականների անդրադարձը դեպքին ամրապնդում է այն մտահոգությունը, թե հետաքննությունը ձևական բնույթ է կրում, և կոծկվելու են դեպքին առնչվող փաստերը:
Մենք, որպես Մարդու իրավունքների կազմակերպության ստամբուլյան մասնաճյուղի Ցեղապաշտության ու խտրականության դեմ հանձնաժողովի անդամներ, նույնիսկ առանց սպասելու մեզ վստահություն չներշնչող հետաքննության հանգուցալուծմանը, որը, պնդում են, թե շարունակվում է, դատական գործ ենք հարուցելու Գլխավոր շտաբի ղեկավարության դեմ` բարձրաստիճան զինվորականների կողմից արված այն մեկնաբանությունների համար, որոնք, ըստ մեր համոզմունքի, ծառայում են պատասխանատուներին թաքցնելուն և դեպքը կոծկելուն»:



Դինքի գործով անցնող սպայի պաշտոնը վերականգնել են


Երկուշաթի Անկարայի վարչական դատարանը չեղյալ է համարել ավելի վաղ Ներքին Գործերի նախարարության կողմից ընդունված Ազգային անվտանգության հետախուզական վարչության նախկին ղեկավարՌամազան Աքյուրեքի պաշտոնը իջեցնելու վերաբերյալ որոշումը, որը պայմանավորված է նրա`թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության հարցում մասնագիտական անտաբերություն ցուցաբերելու հանգամանքով:
Աքյուրեքը, ով սպանության պահին` 2007 թվականի հունվարին, հետախուզական վարչության ղեկավարն էր, Ներքին գործերի նախարարության որոշմամբ զրկվել էր իր պաշտոնից և ոստիկանության այն սպաների թվում էր, ովքեր մեղադրվում էին լրագրողի սպանությունը կասեցնել չկարողանալու մեջ, չնայած այն հանգամանքին, որ բավարար փաստեր կային սպանության նախապատրաստման մասին:
Ներկայումս 19 կասկածյալներ Դինքի սպանության գործով են անցնում: Կասկածյալների մեծ մասը, այդ թվում` հանցագործության իրականացնող Օգյուն Սամաստը, Տրաբզոնից են:
Դինքի ընտանիքի փաստաբանները բազմիցս նշել են, որ սպանությունը «Էրգենեկոն» խմբավորման ձեռքի գործն է, որը հայտնի է կառավարությանը պաշտոնանկ անելու իր ծրագրերով:



Facebook-ը փակել է «Բոլորս Հրանտ Դինք ենք, բոլորս հայ ենք» խումբը, իսկ մարդասպան Սամասթին գովերգող խմբերը բաց են



Facebook-ում 2709 անդամ ունեցող «Բոլորս Հրանտ Դինք ենք, բոլորս հայ ենք» խումբը, որը բացվել էր Թուրքիայում, փակվել է Facebook-ի ադմինիստրացիային ուղղված բողոքների հետեւանքով:
Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հետ հարցազրույցում խմբի հիմնադիր Վարդգես Հերգելը նշել է, թե խմբի փակման հետ կապված իրենք բողոք են գրել Facebook-ի ադմինիստրացիային, սակայն դեռ պատասխան չեն ստացել:
Վարդգես Հերգելը շեշտել է, որ Facebook-ում բազմաթիվ էջեր կան նվիրված Դինքի մարդասպան Օգյուն Սամասթին, որոնք շարունակում են մնալ: «Օրինակ՝ Ogun Samast fun club-ն ունի 569 անդամ, իսկ մեկ այլ խումբ ունի «Հայրենիքը սիրող Սամասթը թող Լեյլա Զանային (քուրդ գործիչ) էլ սպանի» անվանումը»,-նշել է Վարդգես Հերգելը:



Էրդողանն արտոնել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության դեմ հետաքննությունը

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ, Ստամբուլում 2007 թվականի հունվարի 19-ին սպանված հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի գործով Ստամբուլի ծանր հանցանքների 14-րդ դատարանի ուշադրության կենտրոնում է հայտնվել Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT):
Հայտնի է դարձել, որ Թուրքիայի առաջին կին օդաչու Սաբիհա Գյոքչենի հայկական արմատներ ունենալու մասին 2004 թվականին բարձրաձայնելուց անմիջապես անց Հրանտ Դինքը «հրավիրվել» է Ստամբուլի նահանգապետարան, ուր նրան սպառնացել են, թե «Գրածներիդ ուշադրություն դարձրո´ւ»:
Այս սպառնալիքի մասին Դինքը տեղեկացրել էր իր մահվանից ուղիղ մեկ շաբաթ առաջ` 2007 թվականի հունվարի 12-ին հրապարակած իր «Ինչո՞ւ ես թիրախ դարձա» հոդվածում` նշելով, որ Սաբիհա Գյոքչենի հայկական արմատների մասին իր հոդվածից հրապարակումից հետո Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրոլ Գյունգորն իրեն «հրավիրել» է նահանգապետարան, որտեղ երկու անձինք սպառնացել են Դինքին:
Դինքի սպանությունից հետո պարզվել է, որ նշված երկու անձանցից մեկը MIT-ի Մարմարայի շրջանի պետի տեղակալ Օզել Յըլմազն է, որը ներկայումս «Էրգենեկոնի» գործով ձերբակալված կասկածյալների թվում է:
Դրանից հետո Անկարայի դատախազությունը դիմել էր վարչապետ Էրդողանին` թույլատրելու Դինքին սպառնած MIT-ի նախկին երկու աշխատակիցների դեմ հետաքննություն սկսել: Էրդողանն էլ այս տարվա հունվարի 21-ին տվել է իր համաձայնությունը:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը 2004 թվականի հունվարի 6-ին իր թերթում հրապարակել էր մի հոդված, որում գրված էր, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից որդեգրված և հետագայում Թուրքիայի առաջին կին օդաչու դարձած Սաբիհա Գյոքչենն ազգությամբ հայ է, և որ նրա իսկական անունը Հաթուն Սեբիլջիյան է:
Փետրվարի 21-ին Դինքի հոդվածն արտատպել էր Թուրքիայի ազդեցիկ թերթերից մեկը` Hürriyet-ը, ինչը թուրք հասարակության շրջանում տեղիք էր տվել ռասիստական այլանդակ դրսևորումների:

Комментариев нет:

Отправить комментарий